Արքեպիսկոպոս Աստվածատուր Ֆախրաբադցու Ոսկանյան Աստվածաշունչը Մորգան գրադարանում և թանգարանում (PML 199389)

Նոր Ջուղայի մակագրությամբ կազմը և հիշատակի գրքերի հովանավորության ու տարածման հայկական ավանդույթները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.54503/2953-8092.2026.1(7)-145

Բանալի բառեր:

Ոսկանյան Աստվածաշունչ, Նոր Ջուղա, նվիրագրությամբ կազմեր, Արքեպիսկոպոս Աստվածատուր Ֆախրաբադցի, ծագումնաբանական հետազոտություններ, հայ տպագրություն, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոս, կնիքներ, հայկական գրքակազմություն, Մորգան գրադարան և թանգարան

Ամփոփում

Սույն հոդվածը նվիրված է “Morgan Library & Museum”-ի հավաքածուում պահպանվող Ոսկանյան Աստվածաշնչի մի բացառիկ օրինակին։ 2025 թ. հունվարին գրավաճառ Ադամ Վայնբերգերը (Նյու Յորք, ԱՄՆ) և “Konstantinopel Rare & Fine Books” գրավաճառ ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ վան դեր Գրաֆենը (Էնսխեդե, Նիդերլանդներ) դիմեցին մեզ՝ պատրաստելու մինչ այդ անհայտ այս օրինակի մատենագիտական նկարագրությունն ու փորձագիտական եզրակացությունը։

Կարճ ժամանակ անց գիրքը ձեռք բերվեց “Morgan Library & Museum”-ի կողմից, որտեղ այն ներկայումս պահպանվում է PML 199389 գույքահամարի ներքո։ Հոդվածում ներկայացվում է գրքի մանրամասն նկարագրությունը, քննարկվում են դրա տպագրական առանձնահատկությունները, լրացումները, ձեռագիր հավելումները և հետագա կիրառությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում գրքի բնօրինակ կաշվե կազմին, որը կրում է 1699 թ. թվագրված արձանագրություն և հիշատակում Ֆահրապատցի Աստվածատուր վարդապետին, նրա ծնողներին ու ընտանիքի անդամներին։ Կազմը պատկանում է Նոր Ջուղայի արձանագիր կազմերի ավանդույթին և

հանդիսանում է այդ դպրոցի պահպանված լավագույն օրինակներից մեկը։

Կազմի արձանագրության, ձեռագրական աղբյուրների և համեմատական նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նույնականացնել գրքի տիրոջը 1725–1745 թթ. Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թեմակալ առաջնորդ, նշանավոր մանկավարժ և եկեղեցական գործիչ Աստվածատուր Ֆահրապատցու հետ։ Վերլուծվում են նաև Աստվածատուր վարդապետի կյանքն ու գործունեությունը, նրա դերակատարությունը Կոստանդնուպոլսի և Նոր Ջուղայի կրթական ու հոգևոր կյանքում, ինչպես նաև նրա կապերը հայկական գրքային մշակույթի հետ։

Հատուկ կարևորություն ունի նաև Հակոբ Դ. Ջուղայեցու (1655-1680) կաթողիկոսական կնիքի առկայությունը, որը պահպանվել է Աստվածաշնչի երկու առանցքային էջերում։ Այդ կնիքը վկայում է գրքի վաղ շրջանառության մասին և թույլ է տալիս այն կապել կաթողիկոսի հովանավորությամբ տարածված օրինակների խմբի հետ։

Բացի դրանից՝ ուսումնասիրվում են գրքում պահպանված այլ հետքեր՝ ձեռագիր լրացումները, փոխարինված վերջաբանը և Ղաջարական շրջանի իշխանական կերպարի մատիտանկարը, որոնք վկայում են գրքի երկարատև օգտագործման և փոխանցման պատմության մասին։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ “Morgan Library & Museum”-ում պահվող Ոսկանյան Աստվածաշնչի այս օրինակը կարևոր սկզբնաղբյուր է հայկական տպագրության, կազմարարական արվեստի, Նոր Ջուղայի մշակութային միջավայրի և վաղ նոր շրջանի հայկական մտավոր կյանքի պատմության համար՝ բացահայտելով առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի մինչ այժմ անհայտ դրվագները։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30